«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն անդրադարձել է Արաբկիր վարչական շրջանի նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը որակելով «լկտի և անհավասարակշիռ»։
Մեկնաբանելով ընտրողների հետ հանդիպումների ժամանակ վարչապետի գործողությունները՝ Կարապետյանը դրանք գնահատել է որպես արտաքին մարտահրավերների առջև պետության դիրքերը թուլացնող գործոն:
«Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա, և շրջապատված լինելով թիկնապահներով՝ հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու, և այսպես շարունակ»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի գնահատմամբ՝ անգամ 20 օր իշխանության մնալը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար:
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ Փաշինյանը, ով նախկինում հռչակում էր «երեք միլիոն վարչապետների» թեզը, ամբողջությամբ կորցրել է ինքնատիրապետումն ու իրականության զգացումը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի տեսանկյունից՝ նման միջադեպերը վկայում են երկրի ժամանակավոր ղեկավարի հոգեբանական անհավասարակշիռ վիճակի մասին, ինչը թուլության ազդակներ է հղում արտաքին հակառակորդներին և հարվածում ազգային կերպարին:
«Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը, մենք դա թույլ չենք տալու, հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,- նշել է նա։
Կարապետյանը եզրափակել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան պետական իմիջի այս ճգնաժամի հաղթահարման գործիք, որին, նրա գնահատմամբ, հանգեցրել են վարչապետի գործողությունները:
Այսօր ավելի վաղ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ափերից դուրս էր եկել ու վեճի բռնվել իրեն մոտեցած կնոջ հետ, իսկ երբ կինը փորձել էր հեռանալ՝ նրա թևից քաշելով հետ էր բերել ու պահանջել լսել իրեն մինչև վերջ։ Այնուհետև նա վիճաբանության էր բռնվել Արցախից տեղահանված քաղաքացու հետ, սպառնացել նրան, անվանել՝ «լակոտ», «փախած»։






































