Ի աջակցության «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դատարանի բակում հավաքվածներից 3 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ նրանք ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։
Դատարանը քննում է Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման հարցը։ Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ:
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Նա փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







