Եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքներն ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են եկեղեցուն հոգևոր սնուցման համար, հայտարարել են սփյուռքահայ մի շարք գործիչներ։
Նամակն ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց եկեղեցու անդամներ, այդ թվում՝ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը:
Նրանք հիշեցրել են Հայոց եկեղեցու դերը Ցեղասպանությունից հետո հայերին միավորելու և հավաքականություն ձևավորելու գործում։ Նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցիներն աշխարհով մեկ, ներառյալ՝ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը Լիբանանում և Երուսաղեմի և Պոլսո Պատրիարքությունները, փոխկապակցված են, միացյալ են և ճանաչում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ որպես եկեղեցու համաշխարհային առաջնորդ։
Սփյուռքահայ գործիչները կոչ են արել, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար՝ Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն:
Նրանք նաև քննադատել են Ազգային-եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան ընտրված կաթողիկոսին հեռացելու իշխանության ձգտումները, արքեպիսկոպոսների, եկեղեցուն հրապարակայնորեն պաշտպանած, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետանի կալանավորումը։
Նամակի հեղինակները նաև շեշտել են, որ Հայոց եկեղեցին հոգևոր սնուցում է տրամադրում բոլոր հայերին, ներառյալ՝ հայերի մեծամասնությանը, որոնք ապրում են Հայաստանից դուրս:
«Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայնը և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»,- հավելել են նրանք:
Հայաստանի գերագույն հոգևոր խորհրդի 6 հոգևորականի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «դատական ակտի կատարումը խոչընդոտելու» մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում նրանց ելքը երկրից արգելափակվել էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դա դատապարտել էր՝ անվանելով Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտում։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։






































