Wildberries-ը հայտարարել է, որ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ մամուլում տարածված տեղեկությունները՝ անօդաչուների հարձակման հետևանքով պահեստի տարհանման մասին, չեն համապատասխանում իրականությանը։
Ընկերության հայտարարության համաձայն՝ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնում բոլոր հիմնական գործընթացներն իրականացվում են անխափան, և աշխատանքը չի դադարեցվել։
Ավելի վաղ Kommersant-ը, հղում անելով RWB-ի մամուլի ծառայությանը, գրել էր, որ Մոսկվայի մարզի Կոլեդինո բնակավայրում գտնվող Wildberries-ի լոգիստիկ համալիրը ժամանակավորապես տարհանվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Ըստ հրապարակումների՝ տարհանումից հետո աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղեր, իսկ համալիրը շարունակել է աշխատանքը բնականոն ռեժիմով։
Հուլիսի 18-ին անօդաչուների հարձակման հետևանքով վնասվել էր Wildberries-ի պահեստն Էլեկտրոստալում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան 50-ը՝ տուժել։ Նույն օրը հարված էր հասցվել նաև Տամբովի մարզի Կոտովսկի պահեստին, որտեղ զոհվել էր 7 աշխատակից, ևս 24-ը վիրավորվել էին։ Հուլիսի 20-ի գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր տուժածների մասին։






































