Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։
«Այս որոշումն ինձ համար հեշտ չէր։ Ես լքում եմ իմ մարզչական անձնակազմը», - գրել է գեղասահորդուհին։ Նա շնորհակալություն է հայտնել Տուտբերիձեին, ինչպես նաև իր մարզիչներ Դանիիլ Գլեյխենգաուզին և Սերգեյ Դուդակովին «միասին անցած ճանապարհի» համար։
«Շնորհակալություն զարմանալի ծրագրերի, մեր բոլոր հաղթանակների և ձեզ հետ աշխատելիս ձեռք բերած հսկայական փորձի համար։ Ես անսահման հարգանք ունեմ ձեզ նկատմամբ և գնահատում եմ այն ամենը, ինչ դուք արել եք ինձ համար։ Թող ամեն ինչ լավ լինի ձեզ և ձեր մարզիկների համար», - ասվում էր գրառման մեջ։
Պետրոսյանը մարզվում էր Տուտբերիձեի ղեկավարությամբ 2019 թվականից։ 19-ամյա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող։ Նա զբաղեցրել է վեցերորդ տեղը Միլանի Օլիմպիական խաղերում։






































