ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴ ԱՀԾ) հայտարարել է, որ Գերմանիայում գիտահետազոտական և արդյունաբերական աշխատանքներ են իրականացվում սեփական միջուկային զենք ստեղծելու նպատակով, հայտնում է Интерфакс-ը։
Ծառայության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի առանցքային երկրներից մեկի գերատեսչությունները մտահոգություն են հայտնել Գերմանիայում միջուկային զենքի ոլորտին առնչվող ակտիվ հետազոտությունների կապակցությամբ։ ՌԴ ԱՀԾ-ն պնդել է, որ ուսումնասիրություններն ընդգրկում են նյութագիտությունը, հարվածային ալիքների ֆիզիկան, միջուկային և նեյտրոնային ֆիզիկան։
Ըստ ՌԴ հետախուզության՝ աշխատանքներում ներգրավված են Գերմանիայի շուրջ 30 համալսարան, այդ թվում՝ Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտը, Բոխումի Ռուրի համալսարանը, Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանը, Աախենի տեխնիկական համալսարանը և Բեռլինի տեխնիկական համալսարանը։ Փորձարկումներ են իրականացվում վեց հետազոտական ռեակտորում։
Նյութերն ու սարքավորումները, ըստ ՌԴ ԱՀԾ-ի, փորձարկվում են գերմանական բանակի զորավարժարաններում։
ՌԴ ԱՀԾ-ն, հղում անելով ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետներին, պնդել է, որ Գերմանիան կարող է մեկից երեք ամսում ստանալ անհրաժեշտ տրոհվող նյութը, իսկ մեկ տարվա ընթացքում՝ առանց լիարժեք միջուկային փորձարկման ստեղծել գործող միջուկային պայթուցիկ սարք։
Մարտին Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել էին միջուկային զսպման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մասին։ Կողմերը ստեղծել էին միջուկային հարցերով բարձր մակարդակի ղեկավար խումբ և պայմանավորվել, որ գերմանական ուժերը կմասնակցեն Ֆրանսիայի միջուկային զորավարժություններին։ Բեռլինն ու Փարիզը նշել են, որ համագործակցությունը լրացնելու է ՆԱՏՕ-ի միջուկային զսպման համակարգը և չի փոխարինելու դրան։
ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Գերմանիան մասնակցում է դաշինքի միջուկային զենքի համատեղ օգտագործման մեխանիզմին։ Եվրոպայում տեղակայված միջուկային զենքը շարունակում է գտնվել ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, իսկ դաշնակիցների երկակի նշանակության ինքնաթիռները կարող են ներգրավվել միջուկային առաքելություններում։






































