Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ կարող է իրավական գործընթաց նախաձեռնել Հայաստանի դեմ, եթե երկիր մուտք գործելու արգելքի շուրջ իրավիճակը չփոխվի։
Լապշինի խոսքով՝ մայիսին, հունիսին և հուլիսին Zoom-հանդիպումներ է անցկացրել Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների և ԱՄՆ երկու սենատորների հետ՝ խնդրելով միջամտել Հայաստան իր մուտքի արգելքի իրավիճակին։ Լրագրողը պնդում է, որ զրուցակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ հայկական իշխանությունների գործողությունները քաղաքականապես մոտիվացված են և վերանայման կարիք ունեն։
Լապշինն այս դիմումները կապել է Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարցերով Եվրոպայի խորհրդի հարթակում իր գործով ծանուցման հրապարակման հետ։ Ըստ փաստաթղթի՝ ռուս-իսրայելական լրագրողին 2026 թվականի ապրիլի 5-ին արգելել են մուտք գործել Հայաստան Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ նախկինում Լապշինը Հայաստանում բազմիցս բերման է ենթարկվել Բելառուսի իշխանությունների հայցերով, իսկ 2026 թվականի փետրվարին հայկական դատարանը, ըստ տեղեկությունների, Բելառուսի առաջադրած մեղադրանքները ճանաչել է ՀՀ օրենսդրության հետ անհամատեղելի։
Եվրոպայի խորհրդի հարթակը Հայաստանի իշխանություններին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել մուտքի արգելքի իրավական և փաստացի հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ պարզաբանել, թե արդյոք որևէ դեր խաղացե՞լ է Լապշինի լրագրողական գործունեությունը կամ նրա հանրային հայտարարությունները։
Բացի այդ, Երևանին առաջարկվել է պարզաբանել, թե ինչ երաշխիքներ կան, որպեսզի լրագրողների և բլոգերների նկատմամբ սահմանափակումները լինեն անհրաժեշտ, համաչափ և համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության ապահովման պարտավորություններին։ Հայկական կողմի պատասխանն ակնկալվում է մինչև օգոստոսի 12-ը։
Ինքը՝ Լապշինը պնդում է, որ իր մուտքն արգելվել է հայ նախկին ռազմագերի Գևորգ Սուջյանի հետ հարցազրույցից հետո, որում վերջինս պատմել էր ադրբեջանական գերության մեջ ենթադրյալ խոշտանգումների մասին։ Լրագրողը նաև հայտարարել է, որ հայկական իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել իր փաստաբանների հարցումներին, որոնք ուղարկվել են ԱԱԾ և Գլխավոր դատախազություն։
«Հույս ունեմ, որ միջադեպը կսպառվի, և թեման մեկընդմիշտ կփակենք։ Իսկ եթե ոչ, ապա քաղաքավարի խնդրանքներից կանցնենք իրավական գործողությունների այն կողմից, ուր Հայաստանը պատրաստվում է «եվրաինտեգրվել»»,- գրել է Լապշինը։






































