Մայր Աթոռը խստորեն դատապարտել է ՀՀ սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։
Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 31-ին Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե։
«Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար՝ առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը կոչ է արել ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել եկեղեցու ինքնավարության իրավունքը։
Այսօր ավելի վաղ արքեպիսկոպոսներ Նաթան Հովհաննիսյանի և Հայկազուն Նաջարյանի, ինչպես նաև եպիսկոպոսներ Մակար Հակոբյանի, Վահան Հովհաննիսյանի և Մուշեղ Բաբայանի նկատմամբ կիրառվել էր երկրից բացակայելու արգելք: Հայ Առաքելական եկեղեցու բոլոր վեց հոգևորականներն այսօր ավելի վաղ հրավիրվել էին Քննչական կոմիտե:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նմանատիպ խափանման միջոց էր կիրառվել նաև Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ: Փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշել է, որ խափանման միջոցն ուժի մեջ կմնա մինչև նախաքննության ավարտը: Մուշեղ սրբազանի պաշտպան Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ՀԱԵ գործունեության հետ կապված հաճախակի պիտի բացակայի, արարքն էլ ոչ մեծ ծանրության է համարվում և խափանման միջոց կիրառելու կարիք չկար։
Եպիսկոպոսները ՔԿ էին հրավիրվել՝ կապված հունվարի 29-ին Հայ Առաքելական եկեղեցու կողմից Մասյացոտնի թեմի կարգալույծ նախկին առաջնորդի վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու հետ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ գործի նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը՝ մասնակիցների նկատմամբ բացակայելու արգելք սահմանելով։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարի 16-19-ը՝ Ավստրիայում։ Ավելի ուշ՝ հունվարի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները կոչ էին արել չեղարկել ժողովը՝ նշելով, որ Ավստրիայում դրա անցկացումը «երկպառակտություն է սերմանում» և «վարկաբեկում» է եկեղեցուն։






































