Քննչական կոմիտեն (ՔԿ) ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսել Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցն ապօրինի օտարելու գործի շրջանակում։
Գործը վերաբերում է Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակահատվածին (2000-2007)։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի առավելագույն ժամկետով):
ՔԿ-ի վարկածով՝ Սարգսյանը 2005 թվականի մայիսի 11-ին ուղղակի վաճառքով 22 միլիոն 951 հազար դրամով ֆիզիկական անձի է օտարել հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող ամրոցը և փոխկապակցված 0.7 հեկտար հողամասը: Այն չի ընդգրկվել օտարման ոչ ենթակա հուշարձանների պետական ցուցակում։
Գործի նախաքննությունն ավարտվել է և վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:






































