Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։Նշվում է, որ ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։
Կայքը հավելել է, որ մի քանի բնակիչներ հայտնել են, որ այդ ծառը հեռացնելու համար շատ են դիմել Երևանի քաղաքապետարան։ «Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք,»,- նշել են նրանք։
Ավելի վաղ Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ Զաքյան փողոցում գազի արտահոսք է տեղի ունեցել։ Նրա փոխանցմամբ՝ տարածքում զգացվել է գազի սուր հոտ, լսվել է ուժեղ շվվոց, որը, ենթադրաբար, գալիս էր գազատար խողովակից։ Ստեղծված իրավիճակի պատճառով տարածքի բնակիչները դուրս են եկել փողոց։
Դեպքի վայր է հասել հրշեջ-փրկարարական մեկ հաշվարկ։ Ներքին գործերի նախարարությունից Armenia Today-ին հայտնել են, որ ստացել են համապատասխան ահազանգ։






































