Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, այդ մասին ասված է փառատոնի կայքում։
Կինոփառատոնի պրեմիերան նախատեսվում է անցկացնել Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA)։ Այս նախաձեռնությունը կդառնա կինոփառատոնի մշտական բաղադրիչը՝ նպատակ ունենալով կինոարվեստի միջոցով տոնել ու արժևորել հայերենը՝ որպես ստեղծագործական լեզու:
Արևմտահայերենի մասին կինոփառատոնի համատնօրեն Տաթևիկ Այվազյանն ասել է, որ այն բանաստեղծների, պատմիչների, երգերի ու երազանքների լեզու է, որով խոսում և որը սիրում են ամբողջ աշխարհում:
Նրա խոսքով՝ լոնդոնյան ICA-ում արևմտահայերենի համար մշտական հարթակի տրամադրումը կնպաստի լեզվի դերի բարձրացմանը և հնարավորություն կստեղծի արևմտահայերենով ստեղծագործող կինոգործիչների համար ներկայացնել իրենց աշխատանքները և ստանալ ավելի լայն ճանաչում։
AFS London-ը ստեղծվել է ԱՄՆ-ում գործող AFS կազմակերպության նախաձեռնությամբ՝ Կիրա Ադիբեկովի և Այվազյանի համահիմնադրմամբ՝ նպատակ ունենալով լրացնել Միացյալ Թագավորությունում հայկական կինոյի մշտական հարթակի բացը: The Guardian պարբերականն իր գրախոսականում նշել է, որ այն արագորեն հաստատում է իր տեղը Մեծ Բրիտանիայի հայ համայնքում: 2026 թվականին կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 3-6-ը՝ ICA-ում:






































