Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։
Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է փոփոխություններ զինվորական ծառայության, սահմանապահ զորքերի և ազգային անվտանգության մարմինների մասին օրենքներում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի ներդրումը հնարավորություն կտա նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած և ուսման ընթացքում զինվորական պատրաստություն անցած քաղաքացիներին բուհն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության ներգրավել ԱԱԾ-ում։
Փոփոխության նպատակը ԱԱԾ-ի կադրային ներուժի զարգացումն ու ծառայությունը բարձրագույն կրթությամբ զինծառայողներով համալրելն է։ Նախագծի հեղինակները նաև նշում են, որ լրացուցիչ մարդկային ռեսուրսների անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանապահ զորքերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը փուլային եղանակով ստանձնելու ծրագրով։
Ներկայում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և պարտադիր ծառայության փոխարեն պայմանագրային ծառայության անցնելու մեխանիզմի մանրամասն կարգավորումները գործում են միայն Պաշտպանության նախարարության համակարգում, ինչի պատճառով այն գործնականում հնարավոր չէ կիրառել ԱԱԾ-ում։






































