«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են ձերբակալվել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել և նրանց մեղադրել Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների ենթադրյալ ընտրակաշառք խոստանալու մեջ։
Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Կոմիտեից չեն հայտնել ձերբակալվածների թիվը։
ՀԿԿ-ն հրապարակել է նաև գաղտնալսման ձայնագրության մի հատված, որը համարում է գործով ապացույցներից մեկը։ Ըստ ՀԿԿ-ի՝ ձայնագրությունում զրուցակիցները քննարկում են Էջմիածնում բնակվող, սակայն Մասիսում հաշվառված, Արցախից տեղահանված վեց քաղաքացու և նրանց ծանոթի միջոցով կապ հաստատելու հնարավորությունը՝ նրանցից դաշինքի օգտին քվեարկություն ապահովելու նպատակով։ Ձայնագրության մասնակիցներից մեկը պնդում է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել այդ անձի հետ, որը վստահեցրել է, թե «խնդիր չի լինի»։
Մարտի վերջից իրավապահ մարմինները նյութեր են հրապարակում՝ դաշինքի ներկայացուցիչներին մեղադրելով ենթադրյալ ընտրակաշառքների և բարեգործության մասին օրենքը խախտելու մեջ։ Դաշինքում այդ մեղադրանքներն անվանել էին քաղաքական և ընդգծել, որ գործում են օրենքի շրջանակներում։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտարարել էր, որ քաղաքական ուժի ձերբակալված և կալանավորված կողմնակիցների թիվը գերազանցել է 700-ը։
Կարապետյանի խոսքով՝ միայն խորհրդարանական ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, ձերբակալվել էր շուրջ 150 մարդ, այդ թվում՝ շտաբների ղեկավարներ և պատասխանատու անձինք։
Հունիսի 7-ին կայացած ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ստացել էր 23,271% (340 600 ձայն)՝ դառնալով խորհրդարան անցած երկրորդ ուժը։






































