«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։
Ընկերությունը հայտարարել է, որ սպառողներին մատակարարվող ջուրը գտնվում է մշտական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։
Ընկերության տեղեկացմամբ՝ խմելու ջրի որակը շուրջօրյա վերահսկվում է, պարբերաբար իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, իսկ դրանց արդյունքները գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։
«Վեոլիա Ջուր»-ն ընդգծել է, որ խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն ընկերությունը, այլև պետական իրավասու մարմինները։ Ընկերության պնդմամբ՝ եթե ջրի որակի հետ կապված առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ լինեին, դրանք կարձանագրվեին պետական վերահսկողության արդյունքում և կհրապարակվեին։
Ընկերությունը նաև անդրադարձել է հանրային քննարկումների առարկա դարձած ջրի կոշտությանը՝ ինչի մասին նաև հայտարարել էր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ու հայտնել դատական հայցերի մեկնարկի մասին։
«Վեոլիա Ջուրը» նշել է, որ կոշտությունը խմելու ջրի անվտանգության չափանիշ չէ և առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Ըստ «Վեոլիա Ջուր»-ի՝ ջրի կոշտությունը պայմանավորված է օգտագործվող ջրաղբյուրների բնական առանձնահատկություններով, ինչի հետևանքով տարբեր բնակավայրերում այդ ցուցանիշը կարող է տարբերվել։
Հովհաննիսյանը հուլիսի 19-ին հայտնել էր, որ «Վեոլիա ջրի» դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու։ Նա նշել էր, որ նախատեսվող հայցերի հիմքում ամռան ընթացքում կատարված ջրի փորձաքննություններն են, ըստ որոնց՝ որոշ հատվածներում Գառնու ջրին արտեզյան ջուր է խառնած։ Հովհաննիսյանը հավելել էր, որ խնդիրն առկա է հատկապես Էրեբունի վարչական շրջանում, Խարբերդ և Մասիս բնակավայրերում։






































