Գյումրիում ի աջակցություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ակցիայի գործով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նկատմամբ։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ նշված 4 անձանցից 2-ը ձերբակալվել են։ Առաքելյանը ձերբակալված չէ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ակցիայի գործով ձերբակալվել և ազատ է արձակվել Գյումրիի փոխքաղաքապետը։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։
Ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին նաև փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի գրասենյակի համակարգող Ռուբեն Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նոյեմբերի 18-ին դատարանը վերացրել էր Մխիթարյանի կալանքը։





































