«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Մխիթարյանի գործը քննել է հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ժամը 4:00-ից: Շարժումը Մխիթարյանի ձերբակալությունն անվանել է «քաղաքական ճնշման հերթական դրսևորում» և ընդգծել, որ նա «Մեր ձևով»-ի ակտիվ մասնակից է: Շարժումը նաև հիշեցրել է, որ նա ծանրամարտի լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է:
Անդրադառնալով Մխիթարյանի կալանավորմանը՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ լուսանկարներում էլ կարելի է տեսնել, թե ինչպես է նա ձեռքերը վեր բարձրացրած՝ փորձում հանդարտեցնել իրավիճակը: Կարապետյանը շեշտել է, որ հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել, որ Ռուբենը «Մեր ձևով» շարժման անդամ է, և «նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը»:
«Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։ Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու», - հավելել է նա:
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանն Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մխիթարյանի դեմ գործը «վախի ցուցադրություն» է իշխանությունների կողմից: Նրա խոսքով՝ փաստաբանին հետապնդում են բացառապես շարժման անդամ լինելու համար: Ղազինյանն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ակցիայի տեսագրությանը, երբ ձերբակալվել էր Մխիթարյանը՝ նշելով, որ վերջինս միայն ոստիկանության կողմից ուժի կիրառման պահին քաղաքացիներին հանգստության կոչ է արել: Նա ընդգծել է, որ Մխիթարյանը լիցենզավորված փաստաբան է, լավ ծանոթ է օրենսդրությանը և չէր կարող հակաիրավական գործողություններ կատարել:
Մխիթարյանին և ևս 36 մարդու բերման էին ենթարկել հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի մոտից, որտեղ ուժայինները ժամանել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար
Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։





































