Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հոկտեմբերի 25-ին քրեական նոր հետապնդում է հարուցվել, հայտնել է Ղուկասյանի պաշտպանական խումբը։
Պաշտպանները տեղեկացրել են, որ նրա նկատմամբ քրեական նոր հետապնդում է հարուցվել սեպտեմբերի 16-ին և 23-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար (Ղուկասյանը հայտարարել էր՝ «ով դեմ է, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, թրքահպատակ շան տղա է»-խմբ․)։
Նշվում է, որ իրավապահները Ղուկասյանի խոսքերը «որակել» են որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։
Ղուկասյանի պաշտպանների խոսքով՝ «մեղադրանքը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ և պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է»։ Նրանք հայտարարել են, որ Ղուկասյանն իր խոսքում ընդամենն արտահայտել է կարծիք առանց բռնության տարրերի՝ ընդգծելով ՀՀ անկախ պետականության պահպանման անհրաժեշտությունը։
«Քրեական հետապնդումն սկսվել է մեկ ամսից ավելի ուշ՝ քաղաքական զարգացումներից հետո, ինչը հարցեր է առաջացնում դրա իրավական հիմնավորվածության վերաբերյալ։ Հաշվի առնելով այս փաստերը՝ դատապարտում ենք քրեական հետապնդումը և շարունակելու ենք պայքարել բոլոր իրավական միջոցներով՝ արդարությունը վերականգնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Պաշտպանները նաև ընդգծել են, որ պատահական չէ այն, որ այս քրեական հետապնդումը, ինչպես նախորդը, հարուցվել էր հոկտեմբերի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Գյումրիի քաղաքապետին քաղաքական կյանքից դուրս շպրտելու հրահանգի շրջանակներում»։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ Այնուհետ քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որը փորձել էր կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ Քննչական կոմիտեն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին





































