Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը նախկինում ևս նրան սպանելու փորձեր է արել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նա տևական ժամանակ հետևել է Գրիգորյանին՝ հասկանալու, թե նա ո՞ւր է գնում, ի՞նչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել: Լրատվականը նշել է, որ իրավապահները հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել հատկապես, որ Գրիգորյանի սպանությունը որակել են որպես վենդետա։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի, ինչպես նաև նրա ոստիկան ընկերոջ սպանության ու մի քաղաքացի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։






































