Դատարանը 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին 1 ամիս ժամկետով կալանավորել է, հայտնել է Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Ղուկասյանին և անհետ կորած զինծառայողի հարազատ Ապիջան Սարգսյանին ձերբակալել էին հոկտեմբերի 6-ին՝ սեպտեմբերի 29-ին անհետ կորածների ծնողների և ՊՆ ու ռազմական ոստիկանության աշխատակիցների միջև ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի միջադեպի համար։ Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Անհետ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 27-ին և 29-ին փակել էին ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ։ Սեպտեմբերի 29-ին գերատեսչության շենքի մոտ քաշքշուք էր սկսվել, երբ, ծնողների խոսքով, իրենց հայտնել էին, որ հանդիպումը միայն փոխնախարար Արման Սարգսյանի հետ է լինելու։






































