Քննչական կոմիտեն Armenia Today-ին հաստատել է անհետ կորած զինծառայողների երկու հարազատի ձերբակալությունը, ինչի մասին կառավարության մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ հայտարարել է անհետ կորած զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։
Ուզունյանը տեղեկացրել էր, որ ձերբակալել են Արսեն Ղուկասյանին և Ապիջան Սարգսյանին և նրանց տեղափոխում են Աջափնյակի դատարան։ Նրա տեղեկություններով՝ իրենց ձերբակալել են սեպտեմբերի 29-ին անհետ կորածների ծնողների և ՊՆ ու ռազմական ոստիկանության աշխատակիցների միջև ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի միջադեպի համար (նրանց միջև քաշքշուք էր սկսվել-խմբ․)։ Ուզունյանը քրեական վարույթի հիմքերը «հորինված ու կարված» է անվանել։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով- խմբ․) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․)»,- Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից։
Անհետ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 27-ին և 29-ին փակել էին ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի և ԳՇ պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանի հետ։ Սեպտեմբերի 29-ին գերատեսչության շենքի մոտ քաշքշուք էր սկսվել, երբ, ծնողների խոսքով, իրենց հայտնել էին, որ հանդիպումը միայն փոխնախարար Արման Սարգսյանի հետ է լինելու։ Ծնողները նշել էին, որ ՊՆ-ում իրենց «խաբել են»։






































