Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են ՊՆ-ի շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է News.am-ը։
44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը նշել է, որ ՊՆ-ից ստացված պատասխանը չի գոհացրել, ասել են, որ իրենց նշած մարդկանց հետ հանդիպումը տեղի չի ունենա կամ, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի երկուշաբթի՝ 4 ծնողի հետ։
«Դուք 4 երեխու եք պատերազմ տարե՞լ, 4-ի ճակատագի՞րն է անհայտ, որ 4 ծնողի եք ընդունում»,- ասել է Ղուկասյանը։
Նա մանրամասնել է, որ ցանկանում են հանդիպել ոչ թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, այլ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի և ՊՆ հետախուզության նախկին պետի հետ։ Ըստ Ղուկասյանի՝ նրանք տեղեկություններ ունեն անհետ կորածների մասին։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում՝ 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։




































