Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ պաշտոնանկ է արվել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ չմեկնաբանելով ազատման պատճառները։
ԱԱԾ-ից նաև տեղեկացրին, որ նոր պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը՝ հղում անելով այն հանգամանքին, որ ԱԱԾ պաշտոնական էջում արդեն իսկ փոխված է պետի անունը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Մերձավանի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Արաքսյա Սնխչյան





































