Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 16-ին փոխել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ սահմանված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ կիրառելով 5 մլն դրամի գրավ, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Սեպտեմբերի 16-ին Ղուկասյանը դատական նիստից առաջ լրագրողներին հայտնել էր, որ իր նկատմամբ մեղադրանքները կապված են երկրաշարժից հետո ավերված Գյումրիում բնակիչներին հողակտորներ տրամադրելու հետ։ Քաղաքապետի խոսքով՝ դա անհրաժեշտ քայլ էր այն պայմաններում, երբ քաղաքի 90%-ն ավերակների մեջ էր։
2022 թվականի դեկտեմբերին Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք էին առաջադրել նաև այն բանի համար, որ 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով Գյումրիի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրիում գտնվող 15 հողամաս, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:
2025-ի սեպտեմբերի 11-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալության և շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին։ Ավելի ուշ Ղուկասյանի որդու նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։





































