Մուրացան փողոցում հուլիսի 18-ին տեղի ունեցած սպանության, սպանության փորձի գործով ոստիկանությունը Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել է ևս 3 կասկածյալի, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ն չի հայտնել ձերբակալվածների ինքնությունը՝ նշելով միայն տարիքը։ Նշվում է, որ հուլիսի 23-ին ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել Աբովյանի 32-ամյա և Երևանի 27-ամյա երկու բնակիչ։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։
Հուլիսի 18-ին երեկոյան Armenia Today-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել էր։ Նույն օրը ձերբակալվել էր առաջին կասկածյալը։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր կասկածյալների ձերբակալության մասին. գործով հարցաքննվել էր ավելի քան 30 մարդ, 4 քաղաքացու դեմ հարուցվել էր քրեական գործ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբայրը՝ Գուրգեն Հակոբյանը, ով ձերբակալվել էր քրեական ենթամշակույթին հարելու կասկածանքով։






































