«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակից Խ․ Օ․-ին մեղադրում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելուն ենթադրյալ հարկադրելու մեջ։
Քննչական կոմիտեն հայտնել է վարույթի նախաքննության ավարտի մասին ու նշել, որ Խ․ Օ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով (առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը։
ՔԿ-ի վարկածով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Խ․ Օ․-ն, տեղեկանալով 2025 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակցության նպատակով կազմակերպված հավաքի մասին, բազմամարդ մասնակցություն ապահովելու նպատակով Տաշիրի անտառտնտեսության մասնաճյուղի մի քանի աշխատակցի ստիպել է մասմակցել հավաքին։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։ Կարապետյանը ԱԺ ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է։ Դաշինքը, նախնական տվյալներով, խորհրդարան անցած երկրորդ ուժն է՝ հավաքել է 23,281% ձայն։ Անցողիկ շեմը հաղթահարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%) և ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը (9,934%)։





































