Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Դատարանի որոշմամբ՝ Կարապետյանին թույլատրվել է օգտվել փոստային ծառայություններից, նամակագրություն վարել, ինչպես նաև վերացվել է հրապարակային խոսքի արգելքը, ինչը ենթադրում է, որ նա կարող է հարցազրույցներ տալ։
Խափանման միջոցի պահպանումը կշարունակի վերահսկվել էլեկտրոնային հսկողության միջոցով։
Կարապետյանը դատարանում իրեն առաջադրված մեղադրանքները որակել է «աբսուրդ» և հայտարարել, որ գործով անցնող առանցքային անձանց հետ բացարձակ կապ չունի։ Դիմելով դատարանին՝ Կարապետյանը նշել է, որ իրեն վերագրվող դրվագների մասնակիցներին չի ճանաչում, իսկ նրանցից ոմանց առաջին անգամ տեսել է դատարանում։
«Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, մեր գործընկերներն են։ Մենք չենք սահմանափակում նրանց կամ նրանց ընտանիքների ազատությունը. նրանք կարող են զբաղվել ցանկացած գործունեությամբ։ Միակ պահանջը տրված հանձնարարությունները պատվով կատարելն է»,- պարզաբանել է նա՝ անդրադառնալով իր աշխատակիցների նկատմամբ իբրև թե ունեցած ազդեցությանը։
Կարապետյանը նաև քննադատել է մեղադրող կողմին՝ նշելով, որ դատախազի ներկայացրած փաստարկները զուրկ են իրական հիմքերից։ Նա տեղի ունեցող դատավարությունն անվանել է «քաղաքական նիստեր»։
«Ես երբեք չեմ փակվել լրագրողների առաջ և միշտ բաց եմ հանրության համար։ Այս ամբողջ պատմությունն ինձ համար վիրավորական է, քանի որ ես որևէ առնչություն չունեմ այն մարդկանց հետ, ում անունները հոլովվում են այս գործում»,- հավելել է նա։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին։
Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
Այսօրվա դատական նիստին փաստաբան Արամ Վարդևանյանն ընդգծել էր, որ 10 ամսվա ընթացքում Կարապետյանը դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։ Նրա խոսքով՝ խափանման միջոցի հարցն առանցքային նշանակություն ունի Կարապետյանի՝ քաղաքական գործընթացներին մասնակցության համատեքստում: Փաստաբանը հավելել էր՝ «ամեն ժամը կարևոր է»։






































