Հայաստանի պետական պարտքը 2018-ից ի վեր ոչ թե կրկնապատկվել, այլ ավելացել է 80%-ով, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, ըստ որոնց՝ պետական պարտքը կրկնապատկվել է։
«Մեր պարտքային քաղաքականությունը կայուն է, կանխատեսելի և պատասխանատու»,- նշել է նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ պարտքն «ուղղվում է պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը՝ հայաստանցիների հարստանալուն և իրենց բարեկեցության ավելացման հնարավորություններն ընդլայնելուն»։
«Վերջին յոթ տարիներին այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում՝ պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 2026-ին վերադառնալ 2018 թվականների ծախսերի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը մեկուկես տարում»,- շեշտել է նա։
Նախարարն ընդգծել է, որ այդպես չեն անում, քանի որ փոխվել են կարիքներն ու ամբիցիաները։
«Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք մեկուկես տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը և վերադառնալ 2018 թվականի ծախսերի մակարդակին, ապա պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատել 58%-ով։ Եթե վերադառնայինք 2018 թվականի ծախսի մակարդակին, ստիպված պետք է լինեինք պաշտպանության ծախսերը կրճատել 429 մլրդ դրամով կամ շուրջ 65%-ով, կրթության ծախսերը՝ 178 մլրդ դրամով կամ 68%-ով, սոցիալական ծախսերը՝ 54%-ով»,- հավելել է նա։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել էր 13 մլրդ 852 մլն 137 հազար դոլար (ՀՆԱ-ի կեսից մի փոքր ավելին - խմբ․)։ Արտաքին պարտքը կազմել էր 6,94 մլրդ դոլար, ներքինը՝ 6,908 մլրդ դոլար։




































