Պետական եկամուտների կոմիտեն սեպտեմբերի 15-ից գույքագրում կիրականացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 61 պահեստում, հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ ստեղծվել են հանձնաժողովներ և համապատասխան աշխատանքային խմբեր:
Ընկերության պահեստներում կկատարվի հիմնական միջոցների, տեղադրվող սարքավորումների, ինչպես նաև պաշարների գույքագրում և դրանց իրական առկայության ստուգում: Պետական եկամուտների կոմիտեն կուսումնասիրի նաև պաշարների կորստի, դրանց ստացման և ծախսման հետ կապված փաստաթղթերը:
Նշվում է, որ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ գնումները ճիշտ պլանավորելու նպատակով կկազմվեն հետագա օգտագործման համար պիտանի պաշարների ցանկեր, որոնք կկիրառվեն ապագա նախագծերում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել կրկնակի գնումներից և դրանց հետ կապված լրացուցիչ ռիսկերից, ասվում է հայտարարության մեջ:
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։ Ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով:
Կառավարության դեմ ՀԷՑ-ի պետականացման հարցով արբիտրաժային հրատապ հայց ներկայացրել էր Կարապետյանին պատկանող Liormand Holdings Limited-ը։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







