ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում այցելել է «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան, որն իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ընկերությունը համագործակցում է Petrossian աշխարհահռչակ գործարանի հետ, տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։
Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:
Հունիսին ՌԴ-ն կասեցրել էր Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը։ Այս ֆոնին ՀՀ իշխանությունները հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Կառավարությունը հաստատել էր պետական աջակցության ծրագիր այն ձկնաբուծարանների համար, որոնք դժվարությունների են բախվել Ռուսաստանի կողմից հայկական ձկան ներմուծման սահմանափակումներից հետո։ Ծրագրով նախատեսվում է 450 միլիոն դրամ հատկացնել Արարատի և Արմավիրի մարզերի արդյունաբերական ձկնաբուծարաններին։
Փաշինյանը հուլիսի 30-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ տևական ժամանակ չի օգտագործում տեղական աճեցված ձուկը, քանի որ, նրա գնահատմամբ, ոլորտում առկա են որակի խնդիրներ։ Ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում աճեցված ձուկն ապահովում է արտահանման բարձր որակ և դրա շնորհիվ տեղական արտադրողը կարողացել է դուրս գալ ռուսական շուկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







