Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնարտադրանքի ներմուծման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:
Այսպիսով՝ Հայաստանից ձկնարտադրանքի բոլոր ներմուծումները կասեցվել են։
Մայիսի վերջին և հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, պահանջել կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հիշեցրել է, որ ավելի վաղ դիմել էր Հայաստանին ժամանակավորապես կասեցնել բոլոր ձկնամթերքի հավաստագրումը, բացառությամբ ստուգմանն անմիջականորեն մասնակցող ընկերությունների՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ի։ Այս ընկերությունների համար մտցվել է լաբորատոր խիստ մոնիթորինգի ռեժիմ։
«Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, կազմվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ հիմնավորող նյութերի տրամադրումը որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այդ ընկերությունների արտադրանքի հավաստագրումը»,- հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
Գործակալությունն ընդգծել է, որ գործակալությունը համագործակցում է Հայաստանի հետ՝ ռուսական շուկա ուղարկվող ձկան և ձկնոարտադրանքի անվտանգությունն ապահովելու համար։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Կարդացեք նաև






































