2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտահանված 1292 տոննա լոլիկից 888-ը՝ 1,4 միլիոն դոլար արժողությամբ, բաժին է ընկել Հայաստանին, տեղեկանում ենք buisnessmedia.ge-ից։
Ըստ վիճակագրության՝ վրացական լոլիկը վաճառվել է միայն երեք երկրի։ Երկրորդ և երրորդ տեղերում գտնվող Ռուսաստան ու Ռումինիան է արտահանվել է համապատասխանաբար 383 և 20 տոննա լոլիկ։
Վրաստանի արտաքին առևտրի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման արժեքը աճել է 4,5%-ով՝ չնայած արտահանվող արտադրանքի ծավալը նվազել է 3,2%-ով։
Վրաստանի լոլիկի ամենամեծ մատակարարը Թուրքիան է, որից երկիր է ներմուծվել 6,6 միլիոն դոլար արժողությամբ 9230 տոննա արտադրանք։ Հաջորդում են Ադրբեջանը (2,6 միլիոն դոլար, 3751 տոննա), Թուրքմենստանը (2,1 միլիոն դոլար, 2676 տոննա), Իրանը (1,4 միլիոն դոլար, 2248 տոննա) և Ռուսաստանը (51 000 դոլար, 39 տոննա)։ Հայաստանից լոլիկի ներմուծման մասին տվյալներ կայքը չի հայտնել։
ՀՀ կառավարությունը փոխհատուցել էր պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին հունիսի ծախսերի մի մասը՝ արտադրանքն այլընտրանքային շուկաներ մատակարարելու դեպքում: Արտահանված լոլիկի մեկ կգ-ի համար սահմանվել էր 275 դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին հայտարարել էր ՌԴ սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին աջակցելու ծրագրերի նախապատրաստման մասին։ Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում նա հայտնել էր նաև դեպի նոր շուկաներ հայկական վարդերի և բանջարեղենի առաջին մատակարարումների մասին։



































