ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրա նպատակն իր կողմից փորձված կադրեր ունենալն է, որոնք ոչ միայն կառավարելի կլինեն, այլև կկարողանան ձայներ ապահովել։
Վերադասավորումները կանդրադառնան ինչպես կառավարության անդամների, այնպես էլ մարզպետների, դեսպանների, ՔՊ վարչության և մարզային խորհրդի ղեկավար կազմի վրա, նշել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ ՔՊ նախաձեռնող նիստում շուրջ երեք ժամ քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը։ Թերթը պարզաբանել է՝ ՔՊ-ում կարծում են, որ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո բարձր վարկանշի պայմաններում ընտրություններ անցկացնելու ճիշտ ժամանակն է, սակայն Փաշինյանը որոշել է չգնալ արտահերթի, այլ պատրաստվել հերթական ընտրություններին։
Օգոստոսի 21-ին տեղի ունեցած ՔՊ նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ չեն լինի։ Ըստ ԶԼՄ-ների՝ Փաշինյանն անցել է ընտրություններից առաջ տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի սկզբին հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին։






































