Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով փակվում են ուսումնական հաստատությունները, թատրոնները, թանգարանները, գրադարանները, քաղաքացիական ծառայողները մասամբ անցնում են գործավարության հեռավոր ռեժիմին, փակվել են որոշ առևտրի կենտրոններ, ժամանցի որոշ վայրեր (ֆիթնես ակումբներ, սրճարաններ):
Թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարաններն ու գրադարանների փակվելու մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Պետական ենթակայության մշակութային օջախներում բոլոր միջոցառումները մինչև մարտի 23–ը կհետաձգվեն»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է նախարարը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարություն է տարածել պետական և հանրային ծառայողների գործավարությունը հեռավար կազմակերպելու կապակցությամբ։ «Պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը»,-նշել է փոխվարչապետը։ Խոսքն, ըստ Ավինյանի, առաջին հերթին վերաբերում է խոցելի խմբերի՝ 60-ն անց աշխատակիցների, սրտանոթային հիվանդություններ ունեցողներին։
ԿԸՀ-ն հայտարարել է, որ Կորոնավիրուսի պատճառով ապրիլի 5-ի հանրաքվեի հանձնաժողովների անդամների և տեխսարքավորումները սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացները հետաձգվում են։
1 շաբաթով իրենց գործունեությունը դադարեցնելու մասին են հայտարարել «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը», «Ռոսիա» առևտրի կենտրոնը, «Երևան Մոլը», «Դալմա Գարդեն Մոլը», «Մեգամոլ Արմենիա»-ն։ Արտ Լանչ սննդի ցանցի 20 կետ առայժմ չի գործելու, այնտեղ, որտեղ կշարունակվեն աշխատանքները, կիրականացվի խստացված ռեժիմ, հայտնել է ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը։
Yerevan City և «Քարֆուր» սուպերմարկետները գործելու են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







