ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը զոհվել է հուլիսի 27-ին` ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







