Մենք երբևիցե տարածաշրջանային որևէ ենթակառուցվածքի բնականոն գործունեության ապահովման հետ կապված սպառնալիք չենք ստեղծելու, ավելին, երբ Ադրբեջանը ռազմական գործություններ է սկսում, հենց ինքն է սպառնալիք ստեղծում իր այդ նախագծերի համար։ Այս մասին այսօր Հանրային Հ/Ը եթերում հայտարարել է ՀՀ Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ ներքին սպառնալիքներից կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը։ «Փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիան լուրջ սպառնալիք է Հայաստանի տնտեսության և անվտանգության մարտահրավերների տեսանկյունից։ Վերջին երկու տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը հստակ արտացոլում է գտել Տավուշյան ռազմագործողություններում։ Դա փաստում է բանակի արդյունավետության և բարոյահոգեբանական իրավիճակի բարելավման մասին։ Ամենաուղիղ կապն այն է, որ ամեն ինչի համար նախատեսված գումարը հասնում է իր նպատակին»,-ընդգծել է ԱԽՔ քարտուղարը։
Պատասխանելով հարցին, թե ինչ նմանություններ ունեին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և հայ-ադրբեջանական վերջին սրացումները, Գրիգորյանը նշեց, որ մինչև ընդհարումը դեպքերի մեծ մասը բավական միօրինակ էին։ «Այս տարի, երբ մարտին սկսվեց նավթի գների անկում, առաջինը դա վկայեց, որ Ադրբեջանը կարող է ձեռնարկել սադրանքներ, ինչը նշանակում է սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում։ Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ 2016 թ․-ի հունվարին ևս եղել է նավթի գների ամենացածր ցուցանիշները։ Այս դեպքում ևս նույն ժամանակահատվածն է։ Ներքին ճգնաժամի հաղթահարման համար Ադրբեջանը նման ճանապարհով է գնում։
Մենք գրեթե 95 տոկոս ճշգրտությամբ կարողանում էինք տեսնել, թե ո՞ւր է գնում Ադրբեջանը, նշել է Արմեն Գրիգորյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







