Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մտահոգված է հարցվածների շուրջ 98%-ը, վկայում են Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ MPG ընկերության հարցման արդյունքները։։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Ավելի շուտ մտահոգված չէ հարցվածների 0,7%-ը, ևս 1%-ը նշել է, որ մտահոգված չէ։
Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու առաջնահերթ քայլերից հարցվածների 48%-ը նշել է հրամանատարական կազմի վերահսկողության ուժեղացումը։ Եվս 47,2%-ը կարևորել է մեղավոր անձանց նկատմամբ պատասխանատվության և պատժամիջոցների խստացումը, շուրջ 40%-ը՝ սպաների և հրամանատարների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը։
Զինծառայողների իրավունքների պաշտպանության ուժեղացման օգտին արտահայտվել է հարցվածների 16,4%-ը, ծառայության և կենցաղային պայմանների բարելավման՝ 14,3%-ը, իսկ դեպքերի թափանցիկ քննության ապահովման՝ 13,6%-ը։
Հետազոտությունն անցկացվել է Հայաստանում՝ հեռախոսային հարցման (CATI) մեթոդով, 2026 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը՝ 1001 մարդու մասնակցությամբ։ Ընտրանքային սխալը, ըստ MPG-ի, կազմում է ±3%։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ 2025 թվականին մահացել կամ զոհվել է 30 զինծառայող։ Նրա խոսքով՝ վեց դեպք կապված է եղել զինվորական ծառայության հետ, իսկ 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքների, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, կենցաղային միջադեպերի և հիվանդությունների հետ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից 11-ը կապված է եղել զինվորական ծառայության հետ, իսկ 19-ը՝ ոչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






