2020 թվականին Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները «Քաշաթաղի ծրագրով» ստացած բնակապահովման հավաստագրերը կարող են օգտագործել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, տեղեկանում ենք Աշխատանքի և բարեկեցության նախարարության հաղորդագրությունից։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ երկարաձգելու որոշումը կայացրել են այն ընտանիքների խնդրանքով, որոնք դեռ չէին հասցրել օգտվել իրենց հավաստագրերից։ Նրա խոսքով՝ ծրագրով արդեն օգտագործվել է ավելի քան 3 հազար հավաստագիր։
Կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ին հաստատել էր 2020 թվականին Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որը հայտնի է որպես «Քաշաթաղի ծրագիր»։ Տրամադրված հավաստագրով ընտանիքները կարող են բնակարան կամ տուն գնել, ինչպես նաև տուն կառուցել կամ վերակառուցել։ Նոր վերջնաժամկետը վերաբերում է արդեն տրամադրված հավաստագրերի օգտագործմանը։
2023 թվականին Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար գործում է բնակապահովման առանձին ծրագիր։ Բնակարան կամ տուն ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար աջակցությունը կազմում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3–5 մլն դրամ՝ կախված բնակավայրից։ Ծրագրով նախատեսված է նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Դիմումներն ընդունվում են մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







