Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է 1000 կառավարվող հրթիռ՝ ավելի վաղ մատակարարված Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, գրում է Indian Defence Research Wing-ը։
Պարբերականի տվյալներով՝ հրթիռների մատակարարումները սկսվել են 2026 թվականի հունվարին։ Առաջին խմբաքանակի շրջանակում նախատեսվում է Հայաստանին մատակարարել 1000 կառավարվող հրթիռ։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մատակարարումների իրականացումը։ Պարբերականի գնահատմամբ՝ դա վկայում է խոշոր տրամաչափի զինամթերքի արտադրության և արտահանման ոլորտում Հնդկաստանի հնարավորությունների ընդլայնման մասին։
Հնդկաստանի կառավարության մամուլի ծառայությունը 2026 թվականի հունվարին հայտնել էր, որ երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Solar Defence and Aerospace Ltd ընկերության գործարան այցելության ընթացքում ազդարարել է Հայաստան այս տեսակի հրթիռների առաջին խմբաքանակի առաքման մեկնարկը։
Հայաստանի և Հնդկաստանի միջև սպառազինության մատակարարման պայմանագրի կնքման մասին հայտնի էր դարձել 2022 թվականի սեպտեմբերին։ Պայմանագիրը ներառում էր նաև Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Հնդկական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայմանագիրը նախատեսում էր Pinaka համակարգերի չորս մարտկոցի մատակարարում, իսկ արձակման կայանքների մատակարարումն ավարտվել էր մինչև 2024 թվականի նոյեմբերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






