Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Մայիսի 28-ի օրվան նվիրված զորահանդես, որի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Շքերթի մեկնարկին 1 րոպե լռությամբ և հրետանային համազարկով հարգել են պատերազմներում զոհված նահատակների հիշատակը։
Պաշտպանության նախարարությունը զորահանդեսին ներկայացրել է ՀՀ ԶՈւ հետախուզահարվածային «Գայլ» ռոբոտները, ինչպես նաև «Մառախուղ» համալիրը, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման և դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։
Ցուցադրվել է նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահապատ մեքենան և ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգ, որը նախատեսված է ստորաբաժանումների կրակային աջակցման, մինչև 6 կմ հեռավորության վրա կենդանի ուժի ոչնչացման և մինչև 40 000 քմ մակերեսով թիրախների կործանման համար։
Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են «Սարդ» և ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրները, որոնք նախատեսված են տարբեր եղանակային պայմաններում ինքնաթիռների, հրթիռների և ԱԹՍ-ների հարվածներից ռազմական ու պետական կարևորագույն օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։
Ներկայացվել են նաև հայկական արտադրության «Ատլանտ» համակարգը, «Նիզակ» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները, ինչպես նաև «Արսենալ» ընկերության հայրենական արտադրության 120 մմ տրամաչափի «Սևան» ականանետների շարասյունը։
Հրապարակում ցուցադրվել են նաև գործարանային արտադրության 122 մմ տրամաչափի Դ-30 հաուբիցներ և հայկական արտադրության ԱԹՍ-ներ, այդ թվում՝ հետախուզահարվածային F11 ԱԹՍ-ները։ Ներկայացվել են օդային լուսանկարահանման համար նախատեսված ԱԹՍ-ներ՝ քարտեզագրման և հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։
Առանձին ներկայացվել է «Աղեղ» ինքնաթիռային տիպի ԱԹՍ, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ավիացիան։ Երևանի երկնքով անցել են կործանիչներ՝ ձևավորելով եռագույնը։ Զորահանդեսի ավարտին երեխաները խաղաղության աղավնիներ են բաց թողել երկինք։
Ավելի ուշ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ զորահանդեսին ցուցադրել են վերջին տարիներին գնված սպառազինությունը, որը հիմնականում գնվել է 2022-2025 թթ․ ընթացքում։
Ըստ Պապիկյանի՝ Հայաստանում օրեցօր զարգանում է ԱԹՍ-ների արտադրության ճյուղը և Հայաստանը կարող է հանդիսանալ նաև արտահանող երկիր։ «Զորահանդեսում կարևորներից մեկը հանդիսանում էին հայկական ռազմարդյունաբերության նմուշները»,- նշել է նա։
Նախարարը հայտնել է, որ շեշտը դրել են պաշտպանական զինատեսակների գնման վրա։ «Ունենք ԱԹՍ-ներ, որոնք ունեն որոշակի հեռահարություն, բայց դրանց նպատակը միայն պաշտպանական է»,- ասել է Պապիկյանը։
Զորահանդեսից մի քանի օր առաջ տոնական պաստառների վրա հայտնվել էր բանակի նոր զինանշանը։ ՊՆ-ն սիմվոլիկայի փոփոխությունը պարզաբանել էր 2001 թվականին հաստատված տարբերակի «թերություններով»։ Նոր զինանշանի մասին որոշումն ընդունվել էր առանց հանրային քննարկման։
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զորահանդեսի անցկացումը քննադատության է արժանացել մի շարք գործիչների կողմից։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանություններն «առանց ամոթի զորահանդես են անցկացնում»՝ ընդգծելով, որ հպարտանալու ոչինչ չունեն։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը զորահանդեսն անվանել է նախընտրական և նշել «միմյանց հետ անհամատեղելի» սպառազինության ձեռքբերման մասին։
Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկա պայմաններում զորահանդեսի անցկացումն անբարոյական էր համարել՝ նշելով, որ բանակը կառուցվում է նախևառաջ բարոյական և հայրենասիրական ոգու վրա։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեղի ունեցողն անվանել էր «անբարոյական քաղաքական հնարք ընտրություններից առաջ»՝ հավելելով, որ զորահանդեսն օգտագործվում է պետության հաշվին քաղաքական գովազդի համար։






































