Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հղած ուղերձում հայտարարել է, որ Հայաստանին սպառնում է «թրքացման» վտանգ։
Վարդանյանն ուղերձը հղել է իր ծննդյան օրը, որն արդեն 3-րդ տարին է՝ անցնում է Բաքվի բանտում։
Վարդանյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրոպական միության միջև ընտրությունը, որն իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ առաջարկում են հասարակությանը, պատրանքային է, իսկ նրանց գործողությունները երկիրը նպատակաուղղված տանում են դեպի Թուրքիայի ազդեցության գոտի։
Ադրբեջանում արդեն ավելի քան 800 օր անօրինական կալանքի մեջ գտնվող Վարդանյանն իր 58-ամյակի օրն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում դիմել է հայ ժողովրդին։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական ընտրության քողի տակ երկիրը կարող են դնել այնպիսի պայմաններում, որտեղ այն կհայտնվի լիակատար կախվածության մեջ՝ «տնտեսապես, ֆինանսապես, տեղեկատվական և տեխնոլոգիական առումներով», ինչը վերջնարդյունքում կհանգեցնի «թրքացման» և վերածման «Թուրքիայի ու Ադրբեջանի վիլայեթի»։
«Ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ՝ դառնալով Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ։ Սա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը»,- ընդգծել է Վարդանյանը։
Հայաստանի համար գլխավոր մարտահրավեր Վարդանյանն անվանել է շարունակվող պատերազմը, որը, նրա համոզմամբ, փոխել է իր ձևը։
«Մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա այն հարցն է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով»,- հայտարարել է նա։
Քաղաքական գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է Հովհաննես Թումանյանի հեքիաթի հերոս Քաջ Նազարի հետ, որը, լինելով անգործ և ամեն ինչից վախեցող, պատահական զուգադիպությունների, շրջապատի հիմարության և սեփական ինքնավստահության շնորհիվ էր դարձել թագավոր։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, այլ ոչ թե ինքն է դառնում թագավոր։ Ուզում եմ հիշեցնել այս մասին մեզ բոլորիս, որպեսզի մենք դա չմոռանանք»,- ասել է նա։
Դիմելով Փաշինյանին՝ «սիրելի «Քաջ Նազար» Նիկոլ»՝ Վարդանյանը պատմել է, որ բանտի գրադարանում հայերենով ընդամենը երկու գիրք է գտել․ մեկը՝ գրող Վարդգես Պետրոսյանի, երկրորդը՝ Փաշինյանինը։
Այդ գրքի ընթերցումը, Վարդանյանի խոսքով, իրեն համոզել է, որ Փաշինյանը «լուրջ խնդիրներ ունի բարոյական և էթիկական նորմերի, կրթության հետ» և, բացի այդ, նա «ստախոս է, պրոյեկտանտ ու գրագող»։
«Լինելով լրագրող՝ Դուք պետք է իմանաք՝ չի կարելի գողանալ ուրիշի սեփականությունը, մտավոր սեփականությունը, գրքերը։ Բայց Դուք հանգիստ գնացել եք դրան, և ոչ թե մեկ անգամ»,- հայտարարել է նա։
Վարդանյանն ընդգծել է, որ մտավախություն ունի, որ կգա մի օր, երբ իր գործողությունների համար վարչապետն «ստիպված կլինի դաժանորեն վճարել»։
Նա երկրի համար մեկ այլ սպառնալիք է անվանել հասարակության անտարբերությունը և ընդգծել, որ սեփական պետությունը պահպանելու համար քաղաքացիները պետք է ելնեն այն կանխադրույթից, որ «մեզ ոչ մեկ ոչինչ պարտական չէ», և գործեն միասնաբար։
Առանձնահատուկ կերպով Վարդանյանը քննադատել է մայիսի 28-ին նախատեսվող զինվորական շքերթի անցկացումը՝ հայտարարելով, որ այն համարում է անբարոյականություն, երբ հայ զինծառայողները շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ։
Նա կոչ է արել Հայաստանի բոլոր իսկական հայրենասերներին չմասնակցել շքերթին և հիշեցրել, որ «բանակը չի կառուցվում շքերթների, փողերի, զենքի կամ կոչումների վրա», այլ նախևառաջ «ոգու՝ բարոյական և հայրենասիրական»։
Վարդանյանը հիշեցրել է, որ հայ ռազմագերիներն արդեն 6-րդ տարին է, ինչ զրկված են հարազատների հետ բնականոն կապից՝ լուսանկարներ, նամակներ, հագուստ ստանալու հնարավորությունից, իսկ Հայաստանը, նրա խոսքով, «անգործության է մատնված»։
«Գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն»,- ասել է նա։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո ոչ մի միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին։


























