Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է Sofascore-ն։
Սպերցյանն ստացել է 8,6 գնահատական։ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել էր Հայաստանի հավաքականի՝ 2։3 հաշվով պարտությամբ, նա 65-րդ րոպեին գոլ էր խփել, կատարել առանցքային 3 փոխանցում և ստեղծել մեկ գոլային պահ։ Նա նաև կատարել էր 64 փոխանցում, որոնցից 57-ը՝ ճշգրիտ, և գնդակով առաջխաղացման 11 գործողություն։
Տուրի խորհրդանշական հավաքականում Սպերցյանի հետ ընդգրկվել են նաև Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Լամին Յամալը, որն ստացել է ամենաբարձր՝ 9,8 գնահատականը, և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Էնթոնի Գորդոնը՝ 8,7 գնահատականով։
Դարպասապահի դիրքում ընդգրկվել է Դիոգու Կոշտան, իսկ կիսապաշտպանությունում Սպերցյանի հետ տեղ են գտել Յամալը, Յասին Այարին և Նիկոլա Զալևսկին։
Սպերցյանն ամռանը «Կրասնոդարից» 25 մլն դոլարով տեղափոխվել էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։ Սեպտեմբերին նա նոր թիմում խփել էր իր առաջին գոլը և ընդգրկվել Սաուդյան Արաբիայի առաջնության հինգերորդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում Հայաստանի հավաքականը երկու անգամ հավասարեցրել էր հաշիվը, սակայն հանդիպումն ավարտվել էր մրցակցի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







