Բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման մասին օրինագիծն անձնական տվյալների պաշտպանության հետ կապված լրջագույն խնդիրներ է առաջացնում և կարող է իշխանություններին քաղաքացիների նկատմամբ «տոտալ վերահսկողության» գործիքներ տալ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրված Ղահրամանյանը հայտարարել է, որ օգտագործելու է իրեն հասանելի խորհրդարանական բոլոր լծակները՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարձրաձայնելու, խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար։
«Մարդու իրավունքների անմխիթար վիճակն աշխատելու լայն դաշտ է ստեղծում, և այս առումով չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմների կիրառումը»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրինագծերի քննարկմամբ, այլ պետք է լինի «պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներին, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը»։
Ղահրամանյանը, մասնավորապես, անդրադարձել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որոնք վերաբերում են բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման և վերահսկման համակարգին։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել տվյալների բազա, որտեղ կկապվեն անձի անձնական տվյալները, սարքի IMEI կոդը և օգտագործվող բոլոր SIM/eSIM քարտերը։
«Սա, փաստացի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տոտալ վերահսկողություն է տալիս իշխանություններին՝ թույլ տալով ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»,- հայտարարել է Ղահրամանյանը։
Պատգամավորը քննադատել է նաև նախագիծը ստվերային տնտեսության դեմ պայքարով հիմնավորելու մոտեցումը։ Նրա խոսքով՝ իշխանություններն ընտրել են մեխանիզմ, որը կիրառվում է ոչ թե ժողովրդավարական եվրոպական երկրներում, այլ, մասնավորապես, Թուրքիայում, Ադրբեջանում, Պակիստանում և Նեպալում։
Ղահրամանյանը հայտարարել է, որ անկախ նրանից, թե որ հանձնաժողով կուղարկվի նախագիծը, հետևելու է դրա քննարկումների ընթացքին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության գաղտնիության իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։
Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցումը ուժի մեջ կմտնի 2027 թվականից։
Իշխանությունները նախաձեռնությունը հիմնավորել էին մաքսանենգության դեմ պայքարով և շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
Փորձագետներն ու իրավապաշտպանները նախազգուշացրել էին թվային վերահսկողության և անձնական կյանքին անհամաչափ միջամտության ռիսկերի մասին։
Նախաձեռնության շուրջ քննադատությունների ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 21-րդ դարում քաղաքացիները «ոչ մի գաղտնիք չունեն»։
Կարդացեք նաև՝
«Մեզ վերահսկելու են» և «սա անվտանգ է». երևանցիները գնահատել են IMEI կոդերի գրանցումը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







