«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ավելի վաղ առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել, և Ֆարմանյանը չէր ընտրվել։
Օգոստոսի 20-ին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Մանուկյանի թեկնածությունը։
Մանուկյանն իր ելույթում նշել է, որ հնարավորություն կա ցույց տալու, որ Հայաստանի խորհրդարանը հասունանում է որպես իրական վերահսկողության ինստիտուտ։
«Շատ ժողովրդավարական խորհրդարաններում հենց ամենազգայուն հանձնաժողովների ղեկավարումը վստահվում է ընդդիմությանը»,- նշել է թեկնածուն՝ հավելելով, որ ժողովրդավարությունը մեծամասնության՝ իրեն վերահսկել թույլ տալու պատրաստակամությունն է։
Մանուկյանը կոչ է արել բոլոր գործընկերներին աջակցել այն սկզբունքին, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահվի ընդդիմադիր պատգամավորի։
Անդրադառնալով իր թեկնածության առաջադրմանը՝ Մանուկյանը նշել է, որ թեև իր կրթական ուղին այլ ուղղությամբ է եղել, մասնագիտական գործունեության ընթացքում երկար տարիներ աշխատել է ֆինանսների, տնտեսության և ֆինանսական կառավարման ոլորտներում։
Օգոստոսի 20-ին ԱԺ-ն ընտրել էր 12 մշտական հանձնաժողովից 9-ի նախագահներին․ 8-ը ՔՊ-ից են, մեկը՝ «Հայաստան» խմբակցությունից։ «Ուժեղ Հայաստանի» առաջադրած երեք թեկնածուները՝ Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը չէին ստացել անհրաժեշտ թվով ձայներ։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






