«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուներին, ինչի արդյունքում նրանք չեն ընտրվել խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Թեկնածուներից յուրաքանչյուրին կողմ է քվեարկել 40 պատգամավոր, մինչդեռ քվեարկության մասնակիցների մեծամասնությունը դեմ է արտահայտվել։ Քվեարկությանը մասնակցել է Ազգային ժողովի 105 պատգամավորներից 102-ը։
Մասնավորապես, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 40, դեմ՝ 61 պատգամավոր, իսկ մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի օգտին քվեարկել է 40 պատգամավոր, դեմ՝ 62-ը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նույն խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածությանը նույնպես կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62-ը։
Միաժամանակ խորհրդարանն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընտրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ութ թեկնածուի։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տրդատ Սարգսյանը՝ 62 կողմ, 29 դեմ ձայներով, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Նազելի Բաղդասարյանը՝ 62 կողմ, 29 դեմ, իսկ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Սիսակ Գաբրիելյանը՝ 61 կողմ, 2 դեմ ձայներով։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը՝ 62 կողմ, 28 դեմ ձայներով, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Լուսինե Բադալյանը՝ 62 կողմ, 29 դեմ, իսկ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը՝ Արուսյակ Ջուլհակյանը՝ 62 կողմ, 29 դեմ ձայներով։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը՝ 62 կողմ, 10 դեմ ձայներով, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Բաբկեն Թունյանը՝ 62 կողմ, 0 դեմ ձայներով։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ընտրվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 54, դեմ՝ 47 պատգամավոր։
Ավելի ուշ «Ուժեղ Հայաստանը» ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Թեկնածությունների քննարկումը խորհրդարանում շարունակվել է մի քանի օր և ուղեկցվել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև բանավեճերով։
Առավել քննարկված թեկնածուներից մեկը Արեգա Հովսեփյանն էր։ Քննարկման ընթացքում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նրան հարցեր էին ուղղել Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ խմբակցության դիրքորոշման մասին։
Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ խմբակցության մոտեցումները՝ նշելով, որ Հայաստանը պետք է եվրոպական չափանիշներ ներդնի պետական ինստիտուտների աշխատանքում։ Միևնույն ժամանակ նա շեշտել էր, որ ԵՄ-ի հետ քաղաքական հարաբերությունների ձևաչափն ընտրելիս պետք է հաշվի առնել Եվրամիության և տարածաշրջանային տերությունների միջև հնարավոր հակասությունները։
Բանավեճեր էին ծագել նաև Ղազինյանի թեկնածության քննարկման ժամանակ։ Օգոստոսի 19-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը՝ հաջակցություն Ղազինյանի, որի նկատմամբ կարգապահական տույժ էր կիրառվել։ Ավելի ուշ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստանը» կմասնակցի հանձնաժողովների նախագահների քվեարկությանը։
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությամբ իններորդ գումարման Ազգային ժողովն ավարտել է խորհրդարանական մարմինների ձևավորման հիմնական փուլերից մեկը՝ օգոստոսի 2-ին մեկնարկած առաջին նստաշրջանից հետո։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է կառավարության ծրագրի քննարկումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







