Գործող իշխանությանը հեռացնելու ամենաարդյունավետ միջոցը փողոցային պայքարի և խորհրդարանում ընդդիմադիր ակտիվության համակցությունն է, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցւթյան քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, օրենսդիրում զրո ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու։ Եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր, փողոցում՝ զրո մարդ, հնարավոր է՝ այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց լինի։ Այդ իսկ պատճառով Հայաստանում փոփոխությունը կարող է լինել այս ճանապարհային քարտեզով։ Փողոցն ապահովում է երկրում իրավիճակ, օրենսդիրն ընդունում է ճիշտ որոշում»,- ասել է նա։
Խոսելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավարության և նրա կողմնակիցների միջև այսօրվա հանդիպման մասին՝ Կարապետյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինտենսիվ քննարկում է տեղի ունեցել, այդ թվում՝ հետագա պայքարի ձևերի վերաբերյալ։ Հարցին, թե արդյոք դաշինքը կընդունի՞ մանդատները, Կարապետյանը նշել է, որ քաղաքական ուժը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։
Նա բացասական է պատասխանել հարցին, թե արդյոք ընդդիմության մասնակցությունը խորհրդարանում լեգիտիմացնելո՞ւ է գործող կառավարությանը։ Կարապետյանն ընդգծել է, որ դաշինքը չի ճանաչում իշխող կուսակցության կողմից ընտրություններում ստացած ձայների քանակը:
«Այդ մանդատները ոչ մի բան, բացի բռնաճնշումներից, չեն տալիս։ Բոլոր նրանք, ովքեր մանդատային տեղերում են, անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր այդ մանդատն ունենան», — ասել նա:
Կարապետյանը նաև նշել է այն հնարավորությունը, որ եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, իշխանությունները կդիմեն Սահմանադրական դատարան՝ ապահովելու համար, որ խորհրդարան անցնեն այլ քաղաքական ուժեր, որոնք չեն կարողացել հաղթահարել ընտրական շեմը և որոնց հետ իշխանությունները կարող են համաձայնության գալ:
Նա նաև հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» ձգտում է սահմանափակել «Քաղաքացիական պայմանագրի» լիազորությունները տեղական մակարդակում՝ տեղական իշխանությունների կողմից քաղաքացիների քվեների վրա հետագա ազդեցությունը կանխելու նպատակով:
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի խոսքով՝ դաշինքն ապագայում նաև հանդիպում կանցկացնի արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Նա չի նշել կոնկրետ կուսակցությունների անուններ՝ հավելելով, որ քննարկման հիմնական թեման կլինի ընտրություններում ձայների փոշիացման դեմ պայքարը:
Այսօր ավելի վաղ Սահմանադրական դատարանում մեկնարկել էր Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, որը կտևի առաջիկա 8 օրերի ընթացքում և կամփոփվի հուլիսի 4-ին։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։ ՍԴ-ն գործով երրորդ կողմ է ներգրավվել նաև «Քաղաքացիական պայմանագրին»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






