ԱՄՆ սենատը բանաձև է ընդունել, որով հայտարարվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բանաձևի օգտին քվեարկել է 50 սենատոր, իսկ դեմ՝ 48-ը։ Կողմ է քվեարկել նաև իշխող Հանրապետական կուսակցության չորս անդամ։ Դեմ է քվեարկել միայն մեկ դեմոկրատ։ Նմանատիպ բանաձև հաստատվել էր Ներկայացուցիչների պալատում՝ հունիսի սկզբին։
Այս տեսակի բանաձևերն ընդունվում են առանձին Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում։ Այն իրավական ուժ չունի, այլ խորհրդատվական բնույթ։ Նման փաստաթղթերում օրենսդիրներն արտահայտում են իրենց դիրքորոշումը։ ԱՄՆ կառավարության գործադիր իշխանությունն իրավունք ունի անտեսել դրանք։
Բանաձևում ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «դուրս բերի ամերիկյան ուժերն Իրանի դեմ մարտական գործողություններից»։ Դա պետք է արվի այն դեպքում, եթե Իրանի դեմ ռազմական գործողությունները չեն հաստատվել Կոնգրեսի կողմից, և նաև եթե այդ ուժերի ներկայությունն անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգներին կամ նրա դաշնակիցներին հարձակումից պաշտպանելու համար։
ԱՄՆ սահմանադրությունը պատերազմ հայտարարելու լիազորությունը տալիս է Կոնգրեսին, այլ ոչ թե նախագահին։ Սակայն, վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացի առաջնորդները շատ լայնորեն են մեկնաբանել արտասահմանում ռազմական ուժ կիրառելու օրենսդրական լիազորությունները, այդ թվում՝ էապես նոր գործողություններ սկսելու համար։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։ Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







