Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ապրիլի 11-ին՝ Իսլամաբադում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ իրանական ակտիվները պետք է ապասառեցվեն, և Լիբանանում պետք է հրադադար հաստատվի, հաղորդում է Reuters-ը:
Ղալիբաֆի խոսքով՝ երկու միջոցառումն էլ նախապես համաձայնեցվել էին Վաշինգտոնի հետ, և բանակցությունները չեն սկսվի՝ մինչև դրանք չկիրառվեն: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ևս պահանջել է դադարեցնել Իսրայելի ավիահարվածները Լիբանանին:
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը համալրվում են «ավելի լավ զինամթերքով՝ Իրանի վրա հարվածները վերսկսելու համար, եթե Պակիստանում խաղաղության բանակցությունները ձախողվեն»: Գործակալությունը, հղում անելով պակիստանյան աղբյուրին, հայտնում է, որ Արաղչին և Ղալիբաֆը, ինչպես սպասվում է, կմասնակցեն ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Reuters-ը նշում է, որ ապրիլի 8-ին հաստատված հրադադարը փխրուն է Լիբանանի վրա Իսրայելի կողմից շարունակվող հարվածների և Հորմուզի նեղուցի փակման պատճառով:
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը:


































