ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ:
Գործը վերաբերում է նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությանը «խոչընդոտած՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ քրեական» վարույթին:
Ըստ իրավապահների՝ կաթողիկոսի եղբորորդին նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր: Իրավապահները պնդում են, որ Գևորգ Ներսիսյանը ևս հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Գ.Ղ.-ի հասցեին՝ նույնպես պահանջելով հեռանալ:
Նոյեմբերի 2-ին նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Ներսիսյանները կալանավորված են:
Փաստաբան Արա Զոհրաբյանը, սակայն, հիմք ընդունելով հրապարակած տեսագրությունը, նշել էր, որ նոյեմբերի 1-ին Ներսիսյանի որդուն տան դարպասի մոտ մի տղամարդ հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության ժողովին։ Ըստ Զոհրաբյանի՝ նա հրաժարվել էր, ինչից հետո զրույցին միացել էր հայրը, և կարճ խոսակցությունից հետո նրանք խաղաղությամբ բաժանվել էին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







