«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված ուղեգրի վերաբերյալ, որտեղ նշված է եղել «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
Ըստ հաղորդագրության՝ դա տեխնիկական սխալի հետևանք է: «Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն»,-նշում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը»։
Նշվում է, որ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը սպասարկում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, հայցում է բոլորի ներողամտությունը նման տեխնիկական թերության համար (որ Յանդեքս map-ի բոլոր հասցեներից չի հեռացվել «Ադրբեջան» բառը): Օպերատորը տեղեկացնում է, որ արդեն թերությունը շտկված է: «Հայտնում ենք նաև, որ սա ոչ պաշտոնական, բացառապես ներքին օգտագործման փաստաթուղթ է՝ նախատեսված միայն վարորդների համար (քաղաքացիներին օդանավակայանից մեկուսացման վայրեր տեղափոխելու համար)»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ օպերատորի՝ շատ հաճախ ծրագրավորողները ստիպված են լինում հրատապ ցուցումով ծրագրային արագ փոփոխություններ կատարել, որոնք առանց պատշաճ թեստավորման (քանի որ դրա ժամանակը երբեմն պարզապես չի լինում) անմիջապես դրվում են կիրառության մեջ: Այդ վրիպակը եղել է նման փոփոխության արդյունք է։
«Եվս մեկ անգամ ներողամտություն ենք հայցում, խնդրում ենք նման տեխնիկական սխալները չդարձնել շահարկումների առարկա և չվնասել ու չվարկաբեկել այն մարդկանց, ովքեր երեք ամիս շարունակ օրուգիշեր աշխատում են, որպեսզի վարակվածների, թեստավորվածների, բուժվածների մասին տեղեկությունները իրական ժամանակի ռեժիմով հավաքվեն և օգնեն պատասխանատուներին՝ ճշգրիտ վերլուծություններ ու դրանց հիման վրա ճիշտ որոշումներ կայացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







