Հայաստանի իշխանությունները նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակեն նոյեմբերի 23-ին՝ երկուշաբթի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Փաշինյանը նաև հայտնել է, որ ուղերձով կդիմի Հայաստանի քաղաքացիներին։
Վարչապետն Ազգային ժողովում կրկնել է ընդդիմությանն ուղղված իր առաջարկը՝ ապահովել նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։
Այսօր նա նշել է, որ ընդդիմադիր խմբակցությունները պարտադիր չէ՝ ամբողջ կազմով կողմ քվեարկեն, այլ ապահովեն միայն անհրաժեշտ վեց ձայնը։
«Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը կնշանակեն փոխադարձ պահանջների բացակայություն։ Նա նաև խոստացել է աշխատել այդ հարցում լրացուցիչ քաղաքական երաշխիքներ ստանալու ուղղությամբ՝ դրանք ներկայացնելով որպես նոր Սահմանադրության ընդունման կարևոր արդյունք։
Նա պնդել է, որ ընդդիմությունը, մերժելով հանրաքվեի առաջարկը, փաստացի պաշտպանում է գործող սահմանադրական կարգավորումները և հակամարտության շարունակման գաղափարախոսությունը։
«Ընդդիմությունը վերջին շրջանում և նույնիսկ վերջին օրերին, խուսափելով մեր առաջարկից, ապացուցում է այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք․ գործող Սահմանադրությունը և 1990 թվականի Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի, հակամարտության մասին են»,- նշել է նա։
Փաշինյանը նոյեմբերի 18-ին ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը՝ ներկայացնելով իր հրաժարականի հնարավոր սցենարները։ Հաջորդ օրը վարչապետը պարզաբանել էր, որ հանրաքվեում նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ ընտրությունները, սակայն չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
Իշխանությունները նախատեսում են նոր Սահմանադրության նախաբանում չպահպանել 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակվում է Հայկականի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։
Փաշինյանն օգոստոսին հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունում այդ հղումը չպետք է լինի՝ պատճառաբանելով Ղարաբաղյան շարժումը չշարունակելու իշխանությունների որոշմամբ։
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները դեմ են Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից հանելուն։ Ընդդիմադիրները պնդում են, որ փոփոխությունը կատարվում է Ադրբեջանի պահանջով և առնչվում է Արցախի հարցին։
Բաքուն բազմիցս պահանջել է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը՝ պնդելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և դա ներկայացրել է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման։
Ընդդմիադիր խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 30-ին հայտարարել էին, որ չեն աջակցի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Նոյեմբերի 8-ից ընդդիմադիր ուժերը Երևանում սկսել էին իրազեկման ակցիաներ՝ քաղաքացիներին ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առարկություններն ու դրանցի բխող ռիսկերը։
Ներկայացվելիք փաստաթուղթը պետք է անցնի հանրային քննարկումների և սահմանված ընթացակարգերի փուլերը։
Ինչպես է ընդունվում նոր Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեով։ Նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը՝ գործող 105-հոգանոց խորհրդարանում 70 ձայն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, հետևաբար հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է ևս 6 պատգամավորի աջակցություն։
Եթե անհրաժեշտ ձայները չհավաքվեն, նախագիծը հանրաքվեի չի դրվի, և գործող Սահմանադրությունը կշարունակի գործել։ Նախագիծը կարող է հետագայում կրկին ներկայացվել։
Հանրաքվեի կայացման դեպքում նոր Սահմանադրությունն ընդունված կհամարվի, եթե դրան կողմ քվեարկի հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






